Ի՞նչ է պետք սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց բարդացումները կանխելու համար
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն: Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: Կատարվում է սրտի կարդիոգրամա, էխոսրտագրություն, Հոլթեր մոնիթորինգ, Թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա. բոլոր այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են սրտի պաթոլոգիաները վերհանելու համար: Միջամտությունները իրականացվում են նորագույն մեթոդներով (բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում) և ապահովում են գոհացուցիչ արդյունքներ: Բաժանմունքի գործունեության մանրամասները ղեկավարի՝ ինվազիվ սրտաբան Նարեկ Սեդրակի Աթոյանի խոսքում:
-«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացվել է 2020 թվականի նոյեմբերին։ Զարգացման ի՞նչ փուլում է բաժանմունքը, ի՞նչ ունենք այսօր։
- «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Վիրահատարանում, ինտենսիվ բլոկում ու բոլոր հիվանդասենյակներում տեղադրվել են նոր մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են պացիենտի սրտի աշխատանքը, օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնումը, անգամ մարմնի ջերմաստիճանը: Յուրաքանչյուր հիվանդի համար կան նախատեսված ավտոմատ պերֆուզամատներ: Անհրաժեշտ գործիքակազմով համալրված մեր բաժանմունքը աշխատում է շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ է ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը: Իրականացվում են հետևյալ գործիքային հետազոտությունները էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, Հոլթեր մոնիթորինգ, Թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։
-Ո՞րն է ամենատարածված խնդիրը, որով դիմում են Ձեր բաժանմունք։
-Իհարկե, սրտամկանի սուր ինֆարկտը, որով մեր բժշկական կենտրոն են գալիս հիմնականում շտապօգնությամբ։ Անձնակազմը օպերատիվ կերպով անցնում է նաև հիվանդի հետազոտմանը. կատարվում է էխոսրտագրություն, հետազոտվում է սրտի կծկողականությունը, փականների աշխատանքը, սրտի խոռոչների չափսերը, նաև կատարվում է արյան նմուշառնություն՝ ընդհանուր, բիոքիմիական, մակարդելիություն, տրոպոնին (սրտամկանի ախտահարման սպեցիֆիկ մարկեր) հետազոտությունների համար:
-Եվ դրան հաջորդում է ստենտավորու՞մը։
-Մինչ ստենտավորումը թիմը սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդին անմիջապես տեղափոխում է կաթետերիզացիոն լաբորատորիա (ներանոթային միջամտական սենյակ): Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ոտքի զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կորոնարոգրաֆը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ անցնում ստենտավորմանը: Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար։
-Կա՞ն ախտանշաններ, որոնք ահազանգում են սրտամկանի սուր ինֆարկտի մասին, և պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի։
- Հետկրծոսկրային շրջանում կամ թիկունքում՝ թիակների արանքում, սեղմոց, այրոց, բութ ցավ, ձախ ձեռքի թմրածություն, թուլություն կամ ցավ․ ախտանշաններ, որոնց դեպքում պետք է դիմել մեզ։ Երբեմն մարդիկ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունք են դիմում՝ չսպասելով սուր ինֆարկտի զարգացմանը: Եթե կորոնարոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվի, որ առկա է ախտահարված, լուսանցքը նեղացած, բայց ոչ լրիվ փակված անոթ, կամ ախտահարումը կարևոր ցողունային կամ հարցողունային հատվածում է, մենք անմիջապես փոխում ենք գործիքները ու անցնում վիրահատական միջամտության: Իսկ եթե խնդիրները մի քանիսն են, ապա դադարեցնում ենք զոնդավորումը, պացիենտին ուղղորդում վերակենդանացման բաժին, դեղորայք նշանակում ու պլանային կարգով կատարում վիրահատությունը:
- Բայց առավել հաճախ Դուք հավանաբար առնչվում եք ուշացած դեպքերի հետ։
-Ցավոք սրտի, այդպես է։ Մարդիկ հաճախ անտեսում են ախտանշանները, ու բավական ուշ դիմում։ Իսկ սրտամկանի սուր ինֆարկտի ուշացած դեպքերում, մինչև բժշկական կենտրոն հասնելն ու ստենտավորելը, սրտի կծկողականությունը աստիճանաբար իջնում է: Վիրահատությունից հետո այն կարող է չհասնել անգամ նորմայի (55-60 %) նվազագույն շեմին ու հաշմանդամության պատճառ դառնալ՝ առաջացնելով սրտային քրոնիկ անբավարարություն։ Ու դա միայն այն պատճառով, որ մարդը երկար ժամանակ՝ ժամեր, օրեր շարունակ, ունենալով ցավային ախտանշաններ, չի դիմել բժշկի:
-Ո՞րն է սրտային անբավարարությունը, ինչպե՞ս է այն արտահայտվում։
-Սրտային անբավարարությունը առաջանում է ոչ միայն սրտամկանի սուր ինֆարկտի, այլև զարկերակային գերճնշման հետևանքով։ Սրտի կծկողականությունը իջնում է և սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով: Իսկ սրտաբանին պետք է դիմել ախտանշանները ի հայտ գալուն պես: Ախտանշաններն են ուժեղ սրտխփոց, հևոց, հոգնածության ու թուլության զգացում։ Ախտանշանները սկզբում արտահայտվում են հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ կուշտ ուտելուց հետո: Հիվանդության զարգացման ընթացքում այս ախտանշանները սկսում են ի հայտ գալ նաև հանգիստ ժամանակ:
-Զարկերակային գերճնշումը ևս բավական հաճախ հանդիպող խնդիր է, որո՞նք են դրա առաջացման պատճառները։
-Այո, բավական հաճախ հանդիպող երևույթ է, և կարևոր է, որ զարկերակային ճնշման սարքը լինի յուրաքանչյուրի տանը: Ճնշման շարունակական հսկողությունը օգնում է մարդկանց վերահսկել իրենց ճնշումը և ժամանակին դիմել բժշկի՝ կանխելով սրտամկանի կաթվածը և հաշմանդամությունը: Ի դեպ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ ու առաջնորդվելով այն սկզբունքով, թե «Հարևանս ճնշման այսինչ դեղն է խմում, իրեն օգնում է, ինձ էլ կօգնի»: Հաճախ այդպես նրանք միայն վնասում են իրենց։ Զարկերակային գերճնշման պատճառ կարող են լինել ժառանգականությունը, մենք մեր ծնողներից ժառանգում ենք նաև այս կամ այն հիվանդության, այս դեպքում նաև զարկերակային գերճնշման հանդեպ հակվածությունը, խուսափել դրանից չի կարելի, բայց կանխել դրա զարգացումը կարելի է հետևելով մեր սննդակարգին ու ապրելակերպին, տարիքը. տարիքի հետ անոթները կորցնում են իրենց ճկունությունը, սկսումեն վատ կծկվել ու արյան գերճնշումն էլ առաջանում է։
-Որո՞նք են այս հիվանդության բարդությունները
Զարկերակային գերճնշումը չհսկելը և համապատասխան դեղորայք չօգտագործելը կարող է հանգեցնել հաշմանդամության։
Սրտամկանի անոթի պատերը սկսում են գերճնշումից լայնանալ, թուլանալ, ինչն ազդում է սրտամկանի կծկողականության վրա՝ առաջացնելով սրտային անբավարարություն, անգամ կյանքի հետ անհամատեղելի վիճակների՝ սրտամկանի կաթված, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա: Հետևաբար պարբերական գլխացավերին,գլխապտույտներին, վատ ինքնազգացողությանըաչքերի առաջ սևանալուն, չի կարելի թեթև վերաբերվել ու բավարարվել միայն ցավազրկողներ խմելով, պետք է նախ ստուգել զարկերակային ճնշումը և բարձր ցուցանիշներ ունենալու դեպքում դիմել սրտաբանի։ Հակառակ դեպքում այդ պացիենտները մեզ են հասնում արդեն շտապօգնությամբ հիպերտոնիկ կրիզով՝ զարկերակային գերճնշումով։ Իհարկե, զարկերակային գերճնշման պատճառ կարող է լինել սրտանոթի խցանումը: Այդ դեպքում նախ իրականացվում է տվյալ անոթի ստենտավորումը, այնուհետև նշանակվում է բուժում:
-Ո՞րն է Ձեր բաժանմունքում բուժվելու առավելությունը։
-Մեր բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Վիրահատարանում, բոքսում ու բոլոր հիվանդասենյակներում տեղադրվել են նոր մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը: Յուրաքանչյուր հիվանդի համար կան նախատեսված ավտոմատ պերֆուզամատներ: Աշխատում ենք շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ ենք ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը: