Ուրոլոգիայի ոլորտում աշխարհում և Հայաստանում արդի զարգացումների, ուրոլոգիական հիվանդությունների, դրանց առաջացման պատճառների, բուժման մեթոդների և մի շարք այլ հարցերի շուրջ Infoport.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո զրուցել է անվանի ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բորոյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է «Արամյանց» ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկան:
-Բժիշկ, նախ խոսենք առավել հաճախ տարածված ուրոլոգիական պաթոլոգիաների եւ դրանց պատճառների մասին։
-Շագանակագեղձի բարորակ մեծացումով կամ գերաճով, բորբոքային պրոցեսներով կամ միզապարկի ֆունկցիոնալ խախտումներով պայմանավորված միզարձակման տարատեսակ վատթարացումները, միզարձակման խախտումները, միզաքարային հիվանդությունը, ստորին միզուղիների սուր և քրոնիկ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսները, տղամարդու անպտղությունը, որը մասամբ, երբեմն կարող է պայմանավորված լինել սերմնալարի երակի լայնացումով` վարիկոցելով, ինչպես նաև տարատեսակ սեռական խախտումները՝ էրեկտիլ դիսֆունկցիա, վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության անկում` սրանք են ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական պաթալոգիաները, որի հետ ամեն օրվա կլինիկական պրակտիկայում գործ ունի ուրոլոգը: Իհարկե, տարածվածությամբ վերոհիշյալին զիջող, բայց առողջության վրա հսկայական ներազդեցություն ունեցող հիվանդություններից են միզուղիների օրգանների տարբեր տեսակի ուռուցքային պրոցեսները` շականակագեղձի, երիկամի և ավազանի, ինչպես նաև ամորձու չարորակ գոյացությունները:
-Հայտնի է, որ գոյություն ունեն ուրոլոգիական բաց, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ և ռոբոտային վիրահատական եղանակներ: Վիրահատական, ո՞ր միջոցներն են առավել շատ իրականացվում ՀՀ-ում:
-Այո, մեր երկրում շատ վաղուցվանից ուրոլոգիայում կիրառվող գրեթե բոլոր տեսակի վիրահատությունները հաջողությամբ կատարվում են` թե էնդոսկոպիկ, թե լապարոսկոպիկ, թե դեռ արդիականությունը չկորցրած բաց վիրահատությունները: Շատ մեծ հաջողությամբ կատարվում են էնդոսկոպիկ կամ մինիմիալ ինվազիվ վիրահատությունները։ Բավական է ասել, որ շագանակագեղձի գերաճի կամ միզաքարային հիվանդության պարագայում բաց վիրահատությունների քանակը չափազանց քիչ է: Նրանք գրեթե ամբողջությամբ փոխարինինվել են էնդոսկոպիկ, քիչ միջամտական մեթոդի վիրահատություններով, և այս ոլորտում մենք ունենք լուրջ հաջողություններ: Շագանակագեղձի գերաճի դեպքում կատարվում են տարբեր տեսակի՝ ներմիզուկային էնդոսկոպիկ վիրահատություններն, այդ թվում և լազերային: Իհարկե, հաջողությամբ կիրառվում են նաև ուրոլոգիական լապորասկոպիկ վիրահատությունները, մասնավորապես` երիկամի հեռացման դեպքում չարորակ կամ ոչ չարորակ հիվանդությունների հետևանքով կամ երիկամի մասնահատումների դեպքում: Ինչ վերաբերվում է ռոբոտիկ վիրաբուժությանը, պետք է ասեմ, որ Հայաստանում թե ուրոլոգիայում, թե այլ ոլորտներում այս մեթոդը զարգացում դեռ չի ստացել: Բազմաթիվ պատճառներ կան, բայց հիմնականը` դա մեր երկրին ռոբոտիկ տեխնոլոգիաների տրամադրման սահմանափակումն է:
-Դոկտոր, որո՞նք են ուրոլոգիական հիվանդությունների առաջին ազդանշնանները, որ պացեինտին պետք է են հուշեն զարգացող պաթոլոգիայի մասին:
-Ուրոլոգիական հիվանդությունների ախտանիշներն իհարկե համապատասխան ուրոլոգիական հիվանդությունների՝ զանազան են եւ բազմաբնույթ։ Հիմնական ախտանիշները հետևյալն են` ստորին միզուղիների ախտահարման դեպքում` միզարձակման վատթարացում, արգելափակված, հաճախացած, առհասարակ խախտված միզարձակություն, գոտկային շրջանի տարբեր տեսակի ցավեր, վերցարքային շրջանի և շեքի շրջանի ցավեր և դիսկոմֆորտի զգացողություն: Ինչպես արդեն ասացի, էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում կան նաև սեռական տարբեր տեսակի խանգարումներ, օրինակ` լիբիտոիմ սեռական ցանկության անկումը: Շատ կարևոր ախտանիշներից է արյունամիզությունը:
Բայց պետք է նշել, որ մի շարք ծանր հետևանքնրով ուրոլոգիական հիվանդություններ կարող են ընթանալ անախտանիշ` օրինակ միզապարկի չարորակ գոյակցությունները: Հիմնական ախտանիշը դա արյունամիզությունն է, բայց երկար ժամանակ հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ: Նույնը շագանակագեղձի չարորակ ուռուցքի պարագայում: Դրա համար հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման համար չափազանց կարևոր են պարբերաբար պրոֆիլակտիկ հետազոտությունները:
-Ո՞ր պաթոլոգիաներն են ժառանգական բնույթ կրում:
-Կան ուրոլոգիական հիվանդություններ, որտեղ ժառանգականությունը մեծ դեր չի խաղում: Կան հիվանդություններ, որոնց դեպքում ժառանգականության ֆակտորը դեռ ուսումնասիրվում է, ապացուցված չէ: Եվ կան ժառանգականության հետ խիստ փոխկապակցված հիվանդություններ: Այսպես` միզապարկի նորագոյացությունների, չարորակ ուռուցքների դեպքում ժառանգականության դերը, հստակ փոխկապակցվածությունը ժառանգականության հետ ապացուցված չէ, բայց նկատելի է և ուսումնասիրվում է: Եվ դրա հետ մեկտեղ օրինակ` շագանակագեղձի քաղցկեղի դեպքում խիստ ապացուցված է կապը ժառանգականության հետ: Օրինակ` շագանակագեղձի քաղցկեղով տառապող պացիենտների առաջին գծի բարեկամների մոտ նույն հիվանդության ի հայտ գալու հնարավորությունը տաս անգամ ավել է բարձր է:
Այստեղ պետք է նշել, որ շատ մեծ դեր են խաղում այլ ռիսկային գործոններ ևս: Օրինակ, ապրելակերպն` ուղիղ փոխկապակցվածություն կա միզապարկի չարորակ ուռուցքի և ծխելու միջև: Ինչպես նաև ծխելն առաջնային ռիսկի գործոնն է էրիկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Առհասարակ, ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգը բազմաթիվ ուրոլոգիական հիվանդությունների, այդ թվում և չարորակ գոյացությունների դեպքում մեծ ազդեցություն ունեն:
Դոկտոր, Ձեր թույլտվությամբ անցնենք բլից հարցերի...
-Փորձենք...
-Ընտանիքը Ձեզ համար...
-Ընտանիքը դա մի իռացիոնալ խելագարություն է, որի միջով այնուամենայնիվ հաճույքով ես անցնում: Քանի որ մնացած ամեն ինչը, ինչ որ սիրում ես առանց ընտանիքի արժեզրկվում ու արժեզրկված է:
-Հայրենի՞քը...
-Հայրենիքը պետք չէ խղճալ, ինչպես որ ընդունված է հիմա:
-Բժի՞շկը...
-Իդեալական բժիշկն այն մարդն է, ով խորը գիտելիքներ ունի կյանքի և մարդկային հոգու մասին: Ով ինտուիտիվ կերպով ճանաչում է ցանկացած տառապանք և ցավ: Վերացնում ու վերականգնում աշխարհը զուտ իր ներկայությամբ: Ես միայն մի բժիշկ եմ ճանաչում այդպիսին` դա իմ հայրն էր:
-Մա՞յրը...
-Ես չէի ուզենա իմ մոր մասին խոսել բլից հարցաշարի ֆորմատով:
-Արցա՞խը...
-Արցախն ինձ համար` դա խորագույն պատմությունն է և մշակույթ: Դա և հպարտություն է, և ողբերգություն: Բայց առաջին հերթին Արցախն ինձ համար մարդիկ են, մարդկային հերոսական ճակատագրեր: Արցախն ինձ համար հույս է:
-Ո ՞վ երբեք չի կարող լինել Ձեր կողքին։
-Այդպիսի մարդ չկա: Բացառությամբ այն մարդկանց, ովքեր մեկ անգամ արդեն դավաճանել են:
-Երջանկությու՞նը...
-Երջանկության մասին կա այսպիսի հասկացություն` վերահսկել կամ կառավարել սեփական երջանկությունը: Դա թերևս ճիշտ է: Միայն մտքերն են մարդուն դժբախտ կամ երջանիկ դարձնում և ոչ թե արտաքին հանգամանքները:
- Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ի՞նչ կանեիք։
-Վարչապետի աթոռին հայտնվելով` այդ հարցին միայն բժշկի տեսանկյունից կպատասխանեմ: Ես կփորձեի վերականգնել ինձ շրջապատող աշխարհը: Եվ հետո միայն մեր երկրում առողջապահությունը կդարձնեի իրավունք, այլ ոչ թե արտոնություն։
-Եվ վերջում, ինչպիսի՞ հայրենիքի մասին եք երազում։
- Հայրենիքի մասին խոսելիս ես նախընտրում եմ հիշել, այլ ոչ թե երազել: Որովհետև մեր երազած հայրենիքը չեղավ: Հիմա թող լինի մեր երեխաների երազած հայրենիքը:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40